


Արմինֆո. "Արցախ TV"-ն իր ներկայիս կազմով դադարեցնում է գործունեությունը․ անվան և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ այլ հասարակական կազմակերպության: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Արցախ TV"-ի տնօրեն Հրայր Ավետիսյանը:
«Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր` ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ չտալ, որ արցախցիների ձայնը խլացվի։
Այսօր ստիպված ենք հայտարարել, որ «Արցախ TV»-ն իր ներկա կազմով՝ Հրայր Ավետիսյան, Արմինե Հայրիյան, Նորայր Հովսեփյան, Արմինե Պետրոսյան, Գայանե Մելքումյան, Ծովինար Բարխուդարյան, Տիգրան Գասպարյան, Արսեն Եսայան, Կարեն Պետրոսյան, դադարեցնում է գործունեությունը։
Սակայն այս որոշումը մենք չենք կայացրել։ Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ ուրիշ ՀԿ-ի։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն այս դժվար ժամանակահատվածում նույնպես մեր կողքին լինելու, աջակցելու համար։ Հաճախ առանց տեխնիկական ու ֆինանսական աջակցության փորձել ենք անել հնարավորը՝ միշտ Ձեր Արցախի հեռուստատեսությունը մնալու համար։ Հայցում ենք ձեր ներողամտությունը, եթե երբեմն չենք կարողացել արդարացնել ձեր ակնկալիքները», - գրել է Ավետիսյանը։
Նշենք, որ նույն օրը հեռուստաալիքի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ "Արցախ TV"-ն անցնում է տեխնիկական վերազինման և արդիականացման փուլ: "Կարճատև դադարից հետո այն կվերադառնա եթեր օպերատիվ նորություններով, ինչպես նաև որակյալ ու բովանդակալից հեռուստանախագծերով։ Վստահ եղեք, որ անգամ այս դժվարին ժամանակներում արվելու է հնարավոր ամեն ինչ՝ Արցախի և նրա բնակիչների ձայնը մնալու համար", - ամփոփել են հեռուստաալիքում:


