


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցզինին՝ Չինաստանի հիմնադրման 77-ամյակի կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագահին ուղղված ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չինացի ժողովրդին ՉԺՀ հիմնադրման 77-ամյակի կապակցությամբ և մաղթում եմ ամենայն բարիք։ Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը հասել է պատմական հաջողությունների, որոնք վկայում են չինացի ժողովրդի հետևողական աշխատանքի, ստեղծագործական ներուժի և երկարաժամկետ տեսլականի մասին՝ ամրապնդելով երկրի կարևոր դերն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում»։ Հատկապես ուրախ եմ նշել, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բազմակողմանի համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այժմ հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք նոր հաջողությունների հասնել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր նվաճումներ, իսկ բարեկամ չինացի ժողովրդին՝ երկարատև բարգավաճում և առաջընթաց»։
Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասվում է. «Խնդրում եմ ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 77-ամյակի կապակցությամբ։ Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը մեծ ճանապարհ է անցել իր պետականության ամրապնդման և զարգացման գործում, և այսօր, շնորհիվ իր տնտեսական ներուժի, գիտական և տեխնոլոգիական կարողությունների, ինչպես նաև միջազգային մասնակցության, այն կարևոր դեր է խաղում համաշխարհային զարգացման օրակարգում։ Հաճույքով եմ նշում, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն։ Վստահ եմ, որ հետևողական համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կշարունակենք խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Օգտվելով այս հնարավորությունից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն, երկարատև առաջընթաց և նոր նվաճումներ»։


