


Արմինֆո. Քննչական կոմիտեում ավարտվել է 2024 թվականին երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն, հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս, գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:
«Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին», - ասվում է հաղորդագրությունում:


