


Արմինֆո.2026 թ. հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։
«Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։
Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում ենք օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։ Խնդրում ենք լինել ուշադիր, պահպանել արագության սահմանափակումները և հետևել ճանապարհային նշաններին», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ նախագիծը կոչված է բեռնաթափելու մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ամենածանրաբեռնված հատվածներից մեկը և կապել առանցքային մայրուղիները: Հանգույցը կապում է Արտաշատի խճուղին (Մ2 միջպետական մայրուղի), Հ-8 ավտոճանապարհը և Նորագավիթի 1-ին փողոցը: Նախագծի շրջանակներում երթեւեկությունը կազմակերպվելու է տարբեր մակարդակներով ։ Կառուցվում է 272 մետր երկարությամբ գլխավոր էստակադը, ինչպես նաև 28 և 22 մետր երկարությամբ երկու էստակադ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,5 մլրդ դրամ, իսկ իրականացման նորմատիվային ժամկետը՝ 16 ամիս:
Հավելենք նաև, որ էստակադայի կառուցումը թույլ կտա ամբողջությամբ տարանջատել տարանցիկ տրանսպորտի, Երևան մտնող և դուրս եկող մեքենաների հոսքերը: Սա նվազագույնի կհասցնի Արտաշատի ուղղությամբ խրոնիկ խցանումները և կբարձրացնի երթևեկության անվտանգությունը մայրաքաղաքի հարավային դարպասներում։
"Հյուսիս-Հարավ" մայրուղին կոչված է իրար կապելու Հայաստանի հարավային և հյուսիսային սահմանները (իրանականից մինչև վրացական սահման)՝ կրճատելով ճանապարհի երկարությունը և ինտեգրվելով միջազգային տրանսպորտային ցանցերին:


