


Արմինֆո. Սեպտեմբերի 28-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին սրբությանը ներկայացրել է խորհրդաժողովի աշխատանքները՝ անդրադառնալով Հայ դատի կառույցների գործունեության առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։
«Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ կարևորելով միջազգային հարթակներում հայկական շահերի պաշտպանության և համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ Այս առնչությամբ ընդգծվեց ազգային կառույցների ներուժի մեկտեղման հրամայականը՝ ի խնդիր համազգային խնդիրների լուծման և հայրենիքի զորացման։
Անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դատապարտելի արշավին ու հարուցվող խոչընդոտներին։ Ընդգծվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելության կարևորությունը ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, ազգային ինքնության պահպանման և հայոց պետականության ամրապնդման գործում», - ասվում է հաղորդագրությունում։


