
Արմինֆո. Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։ Այդ մասին "Facebook"-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
«Զեկույցում մտահոգություն է արտահայտվում ԿԸՀ կողմից որոշ ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման և կրկնակի քվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ նշելով, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ։ Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ ի հայտ է գալիս։
Ուզում եմ ընդգծել, որ ԵԽԽՎ-ի այս արձանագրումը, բնականաբար, ինքն իրեն չի հայտնվել զեկույցում։ Այն վերջին ամիսներին տարբեր դիտորդական առաքելությունների հետ մեր համառ, հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ներկայացրել ենք փաստերը, բարձրաձայնել խնդիրները և պահանջել, որ տեղի ունեցածը չմնա անտեսված։ Արդյունքում նույնիսկ ամենափակ կառույցները ստիպված են եղել առերեսվել փաստերին։ Այս աշխատանքը շարունակելու ենք՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելով ՀՀ-ում մարդու իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների խախտումները։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու նաև սեփականության իրավունքը, որն եվրոպական արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչներից է։ Հավատացնում եմ՝ կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու», - գրել է Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցում ընտրությունների ընդհանուր դրական գնահատականի հետ մեկտեղ մատնանշել է մի շարք խնդիրներ, այդ թվում ՝ վարչական ռեսուրսի օգտագործումը, ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդումը, ԶԼՄ-ներում քարոզարշավի լուսաբանման եւ խախտումների բողոքարկման թերությունները: Առանձին մտահոգություն է առաջացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՝ երեք տեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու որոշումը, որը, ըստ զեկույցի, էական հետեւանքներ է ունեցել ընդդիմության ներկայացուցչության համար:
Զեկույցը (https://pace.coe.int/en/files/36276/html) պատրաստվել է ԵԽԽՎ բյուրոյի հատուկ կոմիտեի կողմից, որպես զեկուցող հանդես է եկել ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Քոթյեն է: Ընդ որում, ընտրությունների ընդհանուր կազմակերպումը դիտորդները դրական են գնահատել. նրանց եզրակացության համաձայն, ընտրողներին իրական ընտրություն է ընձեռվել քաղաքական այլընտրանքների միջեւ, ընտրական վարչակազմը մասնագիտորեն կազմակերպել է գործընթացը, իսկ քվեարկությունն այցելած տեղամասերի ճնշող մեծամասնությունում ստացել է դրական գնահատական: