
Արմինֆո.Հայաստանի եվրաինտեգրման կուրսն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։
Քաղաքական գործիչն ուղիղ չի պատասխանել, թե արդյոք դեմ է եվրաինտեգրմանը, թե՝ ոչ, միայն հայտարարել է, որ "եվրոպական շատ արժեքների կողմնակից է": Ընդ որում, Կարապետյանը կրկնել է ավելի վաղ իր հնչեցրած մտքերն այն մասին, որ Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք չի սպասում: "Այնտեղ Հայաստանին ոչ ոք չի սպասում։ Եվրոպական միությունում չկան պետություններ, որոնք սահմանակից չեն ԵՄ մյուս երկրներին։ Ուստի, ինձ համար դրանք անհասկանալի քայլեր են, որոնք, իմ կարծիքով, իրականացվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար", - նշել է դաշինքի առաջնորդը։
Խոսելով այն մասին, թե արդյոք այդ դեպքում պետք է չեղարկել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, Կարապետյանը հայտարարել է, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ինչ փորձություններ է այն բերելու Հայաստանի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ուղարկվել է Հայաստանի խորհրդարան ՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը ։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում ՝ մատնանշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը։ Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն ։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանից պահանջել են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում գտնվելու հարցի շուրջ։ Նույն օրը Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը չի կարողանա նստել երկու աթոռի վրա և պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ընտրության հարցում: