


Արմինֆո.ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա քոսը եվրոպացի սպառողներին կոչ է արել ուշադրություն դարձնել հայկական արտադրանքին և այն ներառել իրենց գնումների զամբյուղներում: Այդ մասին նա գրել է իր X էջում:
Կոսի խոսքով՝ ԵՄ-ն որոշում է կայացրել բացել իր շուկան հայկական արտադրանքի գրեթե 80 տոկոսի համար, այդ թվում ՝ ծիրանի, կեռասի, լոլիկի եւ ծաղիկների: Նա նշել է, որ այդ քայլը նոր հնարավորություններ է ստեղծում հայ ֆերմերների և արտադրողների համար՝ հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ ռուսական սահմանափակումների ֆոնին։ "Հաջորդ անգամ, երբ գնաք գնումներ կատարելու, ուշադրություն դարձրեք հայկական արտադրանքին", - գրել է Կոսը:
Նա նաև հատկապես առանձնացրել է հայկական լավաշը, հիշեցնելով, որ Հայաստան կատարած այցի ժամանակ այցելել է ավանդական հացի փուռ և հետևել դրա պատրաստման ընթացքին: "Փոքր ընտրությունը, որ դուք կատարում եք ձեր զամբյուղում, կարող է օգնել հայ ֆերմերներին եւ արտադրողներին եւ աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին", - նշել է Կոսը:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության Խորհուրդը պաշտոնապես հաստատել է դեպի ԵՄ երկրներ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսի ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացման մասին կանոնակարգը: Որոշումն ուղղված է Հայաստանի տնտեսությանն աջակցելուն և նրա արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը։ Արտոնյալ ռեժիմը սահմանվում է 2 տարի ժամկետով։ Այն ուժի մեջ է մտնում ԵՄ հանդեսում որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սակագներից ազատումը կազդի ապրանքների լայն շրջանակի վրա, ներառյալ՝ թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի շուրջ 99%-ը, ինչպես նաև խմիչքների և ալկոհոլի ավելի քան 91%-ը: Արտոնությունները պահպանելու համար Երևանը պետք է հետևի ապրանքների ծագման կանոններին, նոր սահմանափակումներ չմտցնի ԵՄ-ից ներմուծման դեմ և հետևի ժողովրդավարական սկզբունքներին: ԵՄ-ն իրեն իրավունք է վերապահում վերադարձնել առանձին ապրանքների մաքսատուրքերը, եթե դրանց կտրուկ ներհոսքը սկսի վնասել եվրոպական արտադրողներին ։


