


Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսքակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Առաքել Մովսիսյանի /Շմայս/ միջև:
Մովսիսյանին զայրացրել է այն փաստը, որը Փաշինյանը կասկածի է ենթարկել պետության ղեկավարի կոմպետենտությունը որոշ հարցերում: Մասնավորապես, իր ելույթի ժամանակ Փաշինյանը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ նախագահի ելույթներում հնչող շատ թվեր և փաստեր արդյունքում չեն համընկնում վիճակագրական տվյալների կամ օբյեկտիվ իրականության հետ: Այս առնչությամբ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ով է նախագահին նման տեղեկատվություն տրամադրում և այդպիսով մոլորության մեջ գցում պետության ղեկավարին:
Մինչ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կհասցներ պատասխանել հարցին, պատգամավոր Առաքել Մովսիսյանը սկսել է տեղից բղավել Փաշինյանի վրա՝ անվանելով նրան ՙհամբալ, դիշովկա՚: Փաշինյանի պատասխանը նույնքան ՙկոռեկտ էր՚՝ ՙՀամբալը, դիշովկան դու ես, արա..՚: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ վրդովված գործընկերներին հանգստացնելու բոլոր փորձերը հաջողությամբ չպսակվեցին:


