


ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 77-ամյակին նվիրված միջոցառմանը։
Կառավարության անունից փոխվարչապետը շնորհավորել է Չինաստանի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց երկարատև խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն։ Փոխվարչապետը նշել է, որ Երևանը բարձր է գնահատում երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» նախագծին։
Փոխվարչապետը հատկապես ընդգծել է վերջերս ստորագրված միջկառավարական համաձայնագիրը ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների վերաբերյալ, որը նոր հնարավորություններ է ստեղծում տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ շնորհիվ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների և նրանց կառավարությունների համատեղ աշխատանքի։


