


Արմինֆո. Պետք է խուսափել կլիշեից այն մասին, որ Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք։ Այդ մասին ARPI համաաժողովի ժամանակ հայտարարել է Բելգիայի ԱԳՆ նախկին պատասխանատու աշխատակից, դեսպան Ռաուլ Դելկորտը։
"Ես կասեի, որ Հայաստանը, զարգացնելով հարաբերությունները ԵՄ հետ, դիվերսիֆիկացնում է իր կախվածությունները։ Անկեղծ լինենք, Եվրոպական միությունը Հայաստանին չի տրամադրի անվտանգության այն երաշխիքները, որոնք ՆԱՏՕ-ն տրամադրում է իր անդամներին։ ԵՄ-ը կարող է նպաստել կայունության բարձրացմանը, բայց ինքնին չի կարող լինել անվտանգության երաշխավոր, դա պետք է հստակ հասկանալ", - հավելել է դեսպանը։
Ռաուլ Դելկորդը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է կայունության բարձրացմանն ուղղված Հայաստանի ջանքերին: "Փոխարենը՝ Հայաստանը ԵՄ-ին առաջարկում է ոչ պակաս արժեքավոր մի բան. Հայաստանը փորձադաշտ է՝ ստուգելու համար, թե արդյոք հնարավոր է իրականացնել եվրոպական աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ այն չվերածելով ազդեցության ոլորտի սովորական քաղաքականության։ Եթե այս փորձը հաջող լինի, դա նոր փուլ կդառնա եվրոպական դիվանագիտության մեջ ։ Սա իրադարձությունների ամենահետաքրքիր զարգացումն է. Եվրոպայի ազդեցությունը կարող է լինել ոչ թե փոքր պետություններին թելադրելու մեջ, թե ուր պետք է գնան, այլ՝ նրանց ընտրություն տալու՝ այդ ամենին հասնելու համար", - ասել է նախկին դիվանագետը։


