
Արմինֆո. Ի տարբերություն շատ այլ միջազգային հակամարտությունների՝ հայ-ադրբեջանականի պարագայում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ խաղաղության գործարքի կնքման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ Խաղաղության խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ։
"Մեզ մոտ եղել են երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, ովքեր աներևակայելի պրագմատիկ էին, հասուն և հասկանում էին, որ խաղաղության համաձայնագիրը տեւական հակամարտության լավագույն այլընտրանքն է։ Եվ, ամենագլխավորը, մենք ունեինք նախագահ Թրամփ՝ այդ գործընթացին իր համակողմանի աջակցությամբ", - ասել է Ուիթքոֆը:
Նա նաեւ պատմել է Բաքու կատարած իր առաջին այցի մասին, որի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի ռազմական հետախուզության ղեկավար Օրխան Մուրադովի հետ: "Երբ մենք վերադարձանք Բաքու մեր առաջին այցից, որտեղ հանդիպեցինք նախագահ Ալիևի և նրա ռազմական հետախուզության պետ Օրխանի հետ, մենք նախագահին պատմեցինք Հայաստանում և Ադրբեջանում առկա խնդիրների մասին, այն մասին, որ, մեր կարծիքով, այդ երկու երկրները, պարզապես, միասին չեն աշխատում ինչպես հարկն է։ Սակայն մենք զգում էինք, որ երկու առաջնորդներն էլ գտնվում են այն փուլում, երբ ցանկանում են ինչ-որ բան ձեռնարկել։ Դա առաջնահերթություն դարձրեք", - ասել է Ուիթքոֆը:
Նա հավելել է, որ դրանից հետո գործընթացը վերաճել է արդյունավետ աշխատանքի, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցին: Ուիթքոֆը հիշատակել է նաև Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: "Ես հիշում եմ Օվալաձև գրասենյակում հանդիպումը։ Բուխարիի դիմաց՝ Թրամփի սեղանի դիմաց, երկու աթոռ կար։ Այնտեղ նստած էին Հայաստանի վարչապետը՝ հրաշալի մարդ, և Ադրբեջանի նախագահը։ Նրանք նստած էին, իսկ նախագահը մեջտեղում էր, և նա երկուսին խնդրեց միմյանց ձեռք սեղմել: Նա վերցրեց վարչապետի ձեռքը և դրեց իր ձեռքին: Նա նախագահ Ալիեւին խնդրեց ձեռքը վերեւից դնել: ԱՄՆ նախագահը մի փոքր նման էր ֆուտբոլային մարզչի, որը հավաքում էր բոլոր խաղացողների ձեռքերը: Եւ նա ասաց. "Հիմա սա թիմ կլինի": Դա անհավանական, էպիկական պահ էր, ես երբեք այն չեմ մոռանա ", - ասել է Ուիթքոֆը։
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, որոնք տասնամյակներ շարունակ պատերազմական վիճակում են եղել, այդ պահին միասին նստել եւ ձեռքերը պահել էին ԱՄՆ նախագահի ձեռքին:
Խոսելով TRIPP ծրագրի մասին՝ հատուկ բանագնացը նշել է, որ այժմ հիմնական ուշադրությունը հատկացվում է բեռնաշրջանառությանը և բեռների շուկա առաքման արագությանը։
"Երբ TRIPP ծրագիրը գործարկվի, առևտրային երթուղիները կկրճատվեն երկուսուկես-երեք շաբաթով։ Իսկապես զարմանալի բաներ են կատարվում, ամբողջ աշխարհը նորից կմիավորվի", - ասել է նա, հավելելով, որ դա կարող է հանգեցնել խոշոր ներդրումների։ Ուիթքոֆը կրկին հիշեցրել է ԱՄՆ նախագահի դերի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում:
"Նախագահ Թրամփն այստեղ առանցքային օղակ էր, քանի որ ես գիտեմ, որ նախորդ առաջնորդները փորձում էին ելք գտնել Ադրբեջանի և Հայաստանի բարդություններից և դժվար պատմությունից: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւս կարեւոր դեր են խաղացել խաղաղության գործընթացում: Դա նրա վաստակն է, բայց նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համարձակությունն է՝ օգոստոսի 8-ին հավաքվել Վաշինգտոնում ՝ ստորագրելու այդ կարևոր հուշագիրը։ Դա երբեք չեմ մոռանա", - հավելել է Ուիթքոֆը։
Նշենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի համատեղ հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, որը Վաշինգտոնում ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ: Կողմերը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը և ամրագրել տարածաշրջանում խաղաղության հաստատման, բազմամյա փակուղու դադարեցման և տնտեսական համագործակցության ամրապնդման ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից դիտարկվում է որպես շրջադարձային պահ, որը նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և զարգացման համար: