


Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Իտալիայի Վենետո Նահանգի խորհրդի նախագահ Լուկա Ձայայի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու նշանակությունը։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Շուշան Խաչատրյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, անդրադարձել Հայոց ցեղասպանության տարիներին հայերին աջակցած օտարերկրյա գործիչներին: Մասնավորապես, ներկայացվել են Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի և Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջակոմո Գորինիի հայանպաստ գործունեությունն ու նրանց ջանքերը հայերի փրկության գործում։
Այնուհետև հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին Լուկա Ձայան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պատվիրակության անդամների հետ զրուցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության եզրերը։
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավար Լուկա Ձայային նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։ Իտալական կողմն իր հերթին թանգարան-ինստիտուտին է նվիրել իտալացի նկարիչ Վիկո Կալաբրոյի հեղինակած՝ Վենետիկի Դոժերի պալատի և Սանտա Մարիա դելլա Սալուտե եկեղեցու պատկերներով լիտոգրաֆներ։
Նշենք, որ Իտալիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, Իտալիայի մի շարք տարածաշրջաններ դա արել են տարածաշրջանային խորհուրդների մակարդակով։


