
ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայից հեռանում են՝ կատարելով իրենց առջև դրված հիմնական խնդիրները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին սկսել Սիրիայից զորակազմի դուրսբերումը: Մեկնաբանելով որոշումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը զորքերը դուրս բերելու վերաբերյալ որոշում է կայացրել անձամբ՝ Սիրիայում ռուսական զորակազմի աշխատանքի արդյունքների հիման վրա, և դա բանակցությունների առարկա չի եղել: Նա հայտնել է նաև, որ ռուս զինվորականները կշարունակեն մնալ Սիրիայի Խմեյմիմ և Տարտուս ռուսական երկու ռազմական օբյեկտներում:
ՙՍիրիայից զորքերի դուրսբերման որոշումը կարող է համաձայնեցված լինել կոալիցիայի գծով դաշնակիցներից ինչ-որ մեկի հետ, իսկ ինչ-որ մեկն ուղղակի տեղյալ է պահվել: Օրինակ՝ ԱՄՆ նախագահի հետ Վլադիմիր Պուտինի խոսակցությունը տեղի է ունեցել որոշումն ընդունելուց հետո: Դա գլխավորը չէ, գլխավորն այն է, որ այդ նախաձեռնությունը բխել է Մոսկվայից, ինչն անձամբ ինձ մոտ կասկած չի հարուցում: Այդպիսով, Ռուսաստանն այսօր բավականաչափ խնդիրներ է լուծում, որոնք Մոսկվան իր առջև դրել էր Սիրիայում ՌՏՈւ գործողություն սկսելու վերաբերյալ որոշում կայացնելիս՚,- համոզված է Հարությունյանը:
Այդ ժամանակից ի վեր, ըստ նրա, սիրիական հակամարտության թատերաբեմում արմատական բեկում է տեղի ունեցել: ՌԴ ՌՏՈւ աջակցությամբ սիրիական բանակն այսօր ահաբեկիչներից ազատագրել է 10000 քառ. կմ տարածքում գտնվող 400 բնակավայր՝ էլ չխոսելով ահաբեկիչների նավթի արդյունահանման, վերամշակման և տեղափոխման հիմնական աղբյուրների ոչնչացման մասին: Այսինքն՝ ռուս զինվորականները հզոր հարված են հասցրել ֆինանսական ենթակառուցվածքին, ինչը թույլ էր տալիս ԻՊ-ին մարտական գործողություններ իրականացնել:
ՙԱվելին, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շուրջ 45 զինված խմբավորում աջակցել է դրան, և այն այսօր, քիչ թե շատ, պահպանվում է: Եթե նախկինում Բաշար Ասադի իշխանությունը մազից էր կախված և հակամարտության կողմ չէր ճանաչվում, այսօր այն խաղաղարար բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է: Նրա հակառակորդները նույնպես մասնակցում են այդ գործընթացին: Այդպիսով, Ռուսաստանը համապատասխան պայմաններ է ստեղծել Սիրիայում Պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրների ու նպատակների իրականացման համար, որոնցից գլխավորը Սիրիայի նախագահի տապալումը թույլ չտալն էր՚,- ամփոփել է Հարությունյանը:
Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ և ՌԴ՝ փետրվարի 23-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում էր փետրվարի 27-ից Սիրիայի կառավարության զորքերի և ընդդիմության զինված խմբերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու մասին: Փաստաթղթում ընդգծվում էր, որ հրադադարը չի տարածվի ՙԻսլամական պետության՚, ՙ«Ջեբհաթ ան Նուսրայի՚ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմավորումների վրա: Դամասկոսը համաձայնություն է հայտնել Մոսկվայի և Վաշինգտոնի հայտարարությանը՝ ԻՊ և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ մարտական գործողությունները շարունակելու վերապահումով: