
ԱրմԻնֆո. Ադրբեջանը պետք է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին (ՄԿԽԿ) կանոնավոր հասանելիություն տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կալանքի տակ պահվող անձանց։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գեորգի Գոգիան՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ բանտարկյալների իրավունքների խախտումների թեմային՝ ի պատասխան Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևային ուղղված նամակի։
Գոգիան իր հոդվածում նշում է, որ "Ռուբեն Վարդանյանը՝ Լեռնային Ղարաբաղի փաստացի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը Ադրբեջանում կրում է 20 տարվա ազատազրկման պատիժ, ասում է, որ իրեն և ևս 18 հայ բանտարկյալների մերժում են ընտանիքի հետ կանոնավոր շփումները, համարժեք ֆիզիկական վարժությունները, բժշկական զննումները և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքները"։
Միևնույն ժամանակ Գոգիան արձանագրում է, որ Human Rights Watch-ին չի հաջողվել անկախորեն ստուգել այս պնդումները։
Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին երկրում փակեց Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի (ՄԿԽԿ) պատվիրակությունը, բանտարկյալների շփումները ընտանիքների հետ ավելի դժվարացան։ Նա հիշեցրել է, որ ՄԿԽԿ-ն հայտնել էր, որ Ժնևից ժամանած ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են կալանավորվածներին, նրանց հետ մասնավոր հանդիպումներ ունեցել, ընտանիքների հետ շփվելու հնարավորություն առաջարկել և գնահատել նրանց պահման ու վերաբերմունքի պայմանները։ Սակայն այժմ այցելությունները դարձել են ավելի անկանոն։
"Ադրբեջանը պետք է բոլոր բանտարկյալներին ապահովի ընտանիքների հետ կանոնավոր կապ պահպանելու, նամակներ և թույլատրված ծանրոցներ ստանալու, անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև ամենօրյա զբոսանքների համար բավարար հնարավորություններ ունենալու հնարավորությամբ։ Անհրաժեշտ է նաև ՄԿԽԿ-ին կանոնավոր հասանելիություն տրամադրել հակամարտության հետ կապված կալանքի տակ պահվող անձանց նկատմամբ",- հայտարարել է Գոգիան։
Նա նաև հիշեցրել է, որ Վարդանյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղից հեռանալու և ավելի քան 100 000 էթնիկ հայերի հետ Հայաստան մեկնելու փորձի ժամանակ, որոնք փախել էին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։
"2026 թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ ահաբեկչության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Դատավարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ։ Քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ լսումները մեծ մասամբ անցկացվել են առանց անկախ վերահսկողության։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են այն լեզվով, որը ամբաստանյալները չէին հասկանում, և պատշաճ թարգմանություն չի տրամադրվել", - հավելել է HRW-ի ներկայացուցիչը։
Նշենք, որ մինչ այժմ հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը մի քանի հարյուր է։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարին շինծու մեղադրանքներով Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։