
ԱրմԻնֆո. Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա "Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի ՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով: Այդ մասին սեպտեմբերի 22-ին դատական նիստից հետո լրագրողներին հաղորդել է փաստաբան Տաթեւիկ Սողոյանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ անգամ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն հաղորդակցության հետ կապված սահմանափակումներ չեն եղել: Իսկ հիմա Մանուկյանին արգելված է շփումը։ Փաստաբանը դժվարացել է նշել դատարանի նման որոշման պատճառները, հնարավոր համարելով, որ դա կարող էր կապված լինել պատգամավորների այցի հետ կամ պայմանավորված լինել այլ պատճառներով: "Մենք պատրաստվում ենք բողոքարկել դատարանի որոշումը", - ասել է Սողոյանը։
Հղում անելով Քրեական օրենսգրքին՝ նա նշել է, որ Արեգնազ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը միջին ծանրության հանցագործություն է, որի համար պատիժը պետք է լիներ կամ տուգանքը, կամ 2 ամսով կալանավորումը: Ավելի ծանր տեսակների դեպքում՝ 3-5 տարի: "Այն պատիժը, որը պետք է կրեր Մանուկանը, նա արդեն կրել է", - ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ձերբակալվել, ապա երկամսյա կալանքի էր դատապարտվել "Մայր Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Քննչական կոմիտեի վարկածով ՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում ՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում):
Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ կալանաավորվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու համար, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ:
Օգոստոսի 18-ին գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութն ուղարկվել է դատարան, սակայն թե Թևանյանը, թե Մանուկյանը շարունակել են գտնվել քննչական մեկուսարանում: "Մայր Հայաստան" կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ դատական գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին: Նիստերն ընթանում են դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ: