
Արմինֆո. Թբիլիսյան հայտնի Garden Hall սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգ։
Վրաստանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, շնորհավորական ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իր խոսքում Ա․Սմբատյանը նշել է, որ Անկախությունը հայ ժողովրդի բարձրագույն արժեքն է, պետականության, ինքնիշխանության և ազատ ու ժողովրդավարական ապագայի հիմնասյունը։ Այն ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ ամրապնդելու մեր պետությունը, ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը, կառուցելու զարգացած և բարեկեցիկ Հայաստան։
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը, համոզված լինելով, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի կայուն զարգացման, տնտեսական համագործակցության և ժողովուրդների բարեկեցության համար։ Այս ճանապարհին Հայաստանը կարևորում է բարեկամ Վրաստանի կառուցողական դերը և մեր երկրների ռազմավարական գործընկերությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և փոխվստահության ամրապնդման կարևոր գործոն։
Ա․ Սմբատյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ կապերին, նշելով, որ մեր երկրներին ու ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, եղբայրությունը, պատմամշակութային ընդհանրություններն ու ամուր մարդկային կապերը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր ելույթում նշել է, որ երկու հարևան և եղբայրական ժողովուրդների համար, անկախության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության արժեքներն առանձնահատուկ խոր նշանակություն ունեն։ Մարտահրավերներով լի այսօրվա բարդ աշխարհում մենք անում ենք առավելագույնը՝ պաշտպանելու մեր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը և մեր ձգտումներին համապատասխան կառուցելու խաղաղ ու բարգավաճ հասարակություն։
Շ․Պապուաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը կապում են դարերի ընդհանուր պատմությունը, հարուստ մշակութային կապերը, ջերմ մարդկային հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի և քաղաքային խորհրդի պատգամավորներ, կառավարության անդամներ, գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան վրաց պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Վրաստանի հասարակական, գործարար, մշակութային շրջանակների, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգին երաժշտական կատարումներով հանդես են եկել հատուկ Հայաստանից հրավիրված քանոնահար, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանն ու իր սաները՝ Քրիստինե Ենգոյանը, Միլենա Մկրտումյանը և Մերի Մուսինյանը։ Ընդունելութան ընթացքում ցուցադրվել են տեսահոլովակներ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին: