
Արմինֆո. Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Գյերլյով Օսլանդի հետ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման առանցքում էին COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթությունները։
Քննարկել են նաև կենսաբազմազանության ֆինանսավորման և ռեսուրսների մոբիլիզացման, էկոհամակարգերի վերականգնման և բնահեն լուծումների, լեռնային էկոհամակարգերի պահպանության, կենսաբազմազանության մոնիթորինգի և գիտական տվյալների փոխանակման, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը։
Կարևորել են COP17-ին ընդառաջ Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ու Նորվեգիայի միջև գործնական համագործակցության հետագա խորացումը՝ համատեղ ջանքերով նպաստելու Երևանում կայանալիք համաժողովի բովանդակային և նշանակալի արդյունքներին։
Հիշեցնենք, որ COP 17-ը կկայանա այս տարվա հոկտեմբերին Երևանում: ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը:
Կոնվենցիայի կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ և ստանձնում նոր պարտավորություններ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Համաժողովների աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հասարակական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, գիտական հանրության, կանանց և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: