
Հայաստանի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ` Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ նախագիծը քննարկելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հանդիպման ընթացքում ինքը և իր զինակիցները բարձրացրել են ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ դրույթը ԸՕ նախագծում ներառելու անհրաժեշտության հարցը, ինչպես նաև ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, մատնահետքերով քվեարկության համակարգի ներդրման հարցերը:
ՀԱԿ խմբակցությամ ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հաղորդել է, որ եվրոպացի փորձագետների հետ հանդիպմանը ՀԱԿ-ը նույնպես բարձրաձայնել է այդ առաջարկությունների մասին: Նա հավաստիացրել է, որ այդ առաջարկությունները արժանացել են եվրոպացի փորձագետների դրական գնահատականին: «Դա հույս է ներշնչում, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է հանձնարարել տվյալ առաջարկությունները ներառել նախագծում», - նշել է Զուրաբյանը:
Իսկ ահա ՀՅԴ-ն եվրոպացի փորձագետների հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման հարցը: «Ժամանակին հենց Վենետիկի հանձնաժողովն էր բացասական եզրակացություն տվել այդ առաջարկության վերաբերյալ, ինչ էլ հիմք է դարձել Հայաստանի սահմանադրական դատարանի համար, որն արգելել է քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը, և ինչն այժմ իշխանությունները վկայակոչում են` հրաժարվելով նախագծում ներառել այդ դրույթը», - հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով, թե ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը կարևոր քայլ է կեղծարարության կանխարգելման ճանապարհին:
Նշենք, որ ԸՕ փոփոխությունների և լրացումների նախագիծն արդեն խորհրդարանում է, և ընդդիմության ներկայացուցիչները բացասական եզրակացուն են տվել դրա վերաբերյալ: Հիմնական դժգոհությունը հարուցել են այն դրույթները, որոնք սահմանափակում են լրագրողների և դիտորդների գործունեությունն ընտրությունների ըհնթացքում: Փաստաթուղը նախատեսում է Հայաստանի անցում խորհդրարանական ընտրությունների համամասնական ընտրակարգի: