
ԱրմԻնֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել երկրում ռուսական ազդեցությունն ու այն փոխարինել մեկ այլ ազդեցությամբ։ Այս մասին սեպտեմբերի 22-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն հայկական երկաթուղիների կոնցեսիան այլ երկրի փոխանցելու մասին է։ «Փաշինյանն իր առջև նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունն ու այն փոխարինել այլ ուժերով։ Խոսքը ոչ միայն երկաթուղու, այլև ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին է։ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ երկիրը ներքաշում են նոր արկածախնդրության մեջ, որը կհանգեցնի լուրջ տնտեսական և անվտանգության խնդիրների։ Տեղի ունեցողը պետք է դիտարկել հենց այս համատեքստում», - հայտարարել է Սաղաթելյանը։
Պատգամավորը պատահական չի համարել երկաթուղիների կոնցեսիան Ղազախստանին հնարավոր փոխանցելու մասին խոսակցությունները։ «Եվ ակնհայտ է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի կառավարումը փոխանցվի, ինչը կունենա իր հետևանքները», - ամփոփել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 13-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ռուսական կողմին առաջարկել էր քննարկել հանրապետության երկաթուղիների կոնցեսիայի իրավունքը Մոսկվայի և Երևանի համար բարեկամ որևէ պետության վաճառելու հարցը։ Տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Օգոստոսի 24-ին, ներկայացնելով կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը, Փաշինյանը կրկին անդրադարձել էր Հայաստանի երկաթուղային ցանցի՝ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն կառավարմանը և այդ կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի փոխանցելու անհրաժեշտությանը։ Նա ընդգծել էր, որ Հայաստանի երկաթուղային ցանցը Ռուսաստանի կողմից կոնցեսիոն կառավարման դեպքում Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։ Վարչապետը պարզաբանել էր, որ միջազգային ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքների վաճառողներն ու գնորդները ցանկանում են խուսափել Հայաստանում Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, քանի որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։
Հավելենք, որ սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն բարձրացրել երկրի տարածքից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը, սակայն եթե Ռուսաստանը որոշի գնալ այդ քայլին, ապա Երևանը չի առարկի։ Նա հավաստիացրել էր, որ Հայաստանի իշխանությունները ռազմաբազայում կենսական անհրաժեշտություն չեն տեսնում։ Այս մասին նա հայտարարել էր՝ ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանից 102-րդ ռազմաբազան «թեկուզ վաղը» դուրս բերելու պատրաստակամության մասին խոսքերը մեկնաբանելու խնդրանքի։