
ԱրմԻնֆո. Բեռլինի Թանգարանային կղզու եզակի ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում։
Ինչպես հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մամուլի ծառայությունը, <Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերաբանություն. Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում> խորագրով ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 22-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով։ Վերջինս կդառնա մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների հավաքածուների վերաիմաստավորման նշանակալի հարթակ։ Ցուցահանդեսի շրջանակում Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից կներկայացվի ավելի քան 50 եզակի ցուցանմուշ, որոնք ընդգրկում են լայն ժամանակագրական ժամանակաշրջան՝ Հին աշխարհից մինչև Միջնադար և Նոր ժամանակներ։ Հիմնական ցուցանմուշների թվում են <Արեգակնային համակարգի> բրոնզե մանրակերտները, որոնք թվագրվում են մ.թ.ա. XII-XI դարերով և վերաբերում են վաղ երկաթի դարի ժամանակաշրջանին։
Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, և կգործի մինչև 2027 թվականի մարտի 21-ը։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն՝ իր հերթին Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդես կներկայացնի Բեռլինի Թանգարանային կղզում։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն ընդգծել է բեռլինյան հայտնի թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության կարևորությունը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը ներկայացնում է մարդկության՝ աշխարհը, երկիրը և միմյանց ճանաչելու ու հասկանալու դարավոր փորձերը՝ բրոնզե դարից մինչև XX դար՝ միաժամանակ բացահայտելով տարբեր երկրների, մշակույթների և դարաշրջանների միջև ընդհանրությունները։ Միաժամանակ նա նշել է, որ գերմանական հավաքածուի որոշ ցուցանմուշներ առաջին անգամ են ներկայացվում Գերմանիայի սահմաններից դուրս։
Կլաուդիա Բուշի գնահատմամբ՝ ցուցահանդեսը ոչ միայն կարևոր գիտական և մշակութային նշանակություն ունի, այլև վկայում է հայգերմանական հարաբերությունների և ժամանակակից թանգարանային համագործակցության բարձր մակարդակի մասին։
<Այս ցուցահանդեսը մեր երկկողմ ռազմավարական գործընկերության մի մասն է, որն ուղղված է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, կրթության և ակադեմիական համագործակցության բնագավառներում համագործակցության խորացմանը, մշակութային փոխանակումների խթանմանը և փոխըմբռնման ամրապնդմանը>, - ասել է Բուշը։