
Արմինֆո. Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։
Ինչպես հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ողջունելով հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Վեհափառ հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն էը փոխանցել պատվիրակության անդամներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության, առկա հիմնախնդիրների՝ միջազգային հարթակներում բարձրաձայնման համար։
Հանդիպմանը Նորին սրբությունն անդրադարձել է բռնի տեղահանված արցախցիների իրավունքնրի պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, քույր եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն հասցեական արձագանքը։
Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ իրական և տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, մարդկային արժանապատվության, կրոնական ազատության և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա։
Պատվիրակության անդամներն, իրենց հերթին, բարձր են գնահատել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր հոգևոր ու ազգապահպան առաքելությունը և պատմական ծանրագույն փորձությունների պայմաններում համաքրիստոնեական աշխարհին բերած հավատի աննահանջ վկայությունը։ Հյուրերն ընդգծել են, որ Հայաստանի և Հայոց եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է առավել ճանաչված և ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից` պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց ջանքերը՝ միջազգային տարբեր հարթակներում հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Վերջիններս ներկայացրել են նաև հայ գերիների իրավունքների խախտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ իրենց նախաձեռնած իրազեկման աշխատանքները։ Պատվիրակության անդամները նաև հավաստիացրել են Նորին սրբությանը, որ հետևողականորեն բարձրաձայնելու են հայ գերիների խնդիրը Միացյալ Նահանգների պետական կառույցներում և միջազգային կրոնական ազատության հարցերով զբաղվող համապատասխան մարմիններում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդների հոգևոր կյանքի և հավատքի զորացման, ինչպես նաև ատելության ու թշնամանքի հաղթահարման և ժողովուրդների միջև արդարության հաստաման շուրջ։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը պատվիրակության անդամներին մաղթել է արդյունավոր առաքելություն՝ հայցելով Աստծո օրհնությունն ու զորակցությունն իրենց առաքելության մեջ։