
Արմինֆո. Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու Հայաստանի իշխանությունների շարունակական քաղաքականության անընդունելիության մասին: Այդ մասին հայտարարվել է սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն ընթացել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ։ Նիստերը վարել է Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։
Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես են եկել տիար Գևորգ Դանիելյանը և տիար Արա Զոհրաբյանը։
Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և ՀՀ կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվել են խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։
«Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։
Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը։
Ժողովականները քննարկեցին առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ Եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։
Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող կանոնադրական փաստաթղթերի լրամշակման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և տիար Արա Զոհրաբյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ներկայացված առաջարկները և թելադրեց շարունակել փաստաթղթերի լրամշակումը՝ Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և նվիրագործված ավանդույթներին համապատասխան։
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը՝ անդրադառնալով դիմորդների ներգրավման, կրթության որակի բարձրացման և դասախոսական կազմի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Խորհուրդը կարևորեց նախանձախնդիր, նվիրյալ և գիտակ հոգևորականների պատրաստման առաքելությունը՝ ընդգծելով ուսումնական ծրագրերի մշակման, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայման, դասախոսական կազմի համալրման, սաների աստվածաբանական գիտելիքների խորացման և հովվական հմտությունների զարգացման հրամայականը։
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ներկայացրեց համայնքներում քրիստոնեական դաստիարակության կազմակերպման նպատակով հոգևոր հովիվներին տրամադրվելիք ուղեցույց-ձեռնարկի պատրաստման, կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման աշխատանքների ընթացքը։
Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման և հոգևոր-կրթական ծրագրերին երեխաների ու պատանիների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր: Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել եւ ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գահընկեցության, ով ընտրվել է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականներ, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիներ։ Նկատենք, որ ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից։ Ընդ որում, ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) բացառիկ առաքելությունը ազգային ինքնության պահպանման գործում:
Հավելենք, որ օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնանկության հարցն ընդգրկված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրում: