
Արմինֆո. "Երբ խոսքը սահմանների բացման մասին է, մենք լիովին աջակցում ենք տարածաշրջանի կարգավորմանը եւ խաղաղությանը", - հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Comprehensive Security & Resilience International Conference-ի ժամանակ:
Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը, այդ թվում ՝ նրա քաղաքացիական հասարակությունը ընտրել է խաղաղությունը, ինչն արտացոլվել է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներում, այլ իրենից շատ ավելի լայն երևույթ է ներկայացնում:
«Եվ դա, նույնիսկ, դուրս է քաղաքական տարաձայնությունների շրջանակից, որոնք միանգամայն նորմալ են ցանկացած ժողովրդավարության մեջ: Իհարկե, կարևոր է ունենալ տարաձայնություններ։ Սակայն կարևոր է նաև փաստերի հիման վրա երկխոսել և հարցեր քննարկել։ Եվ դա այն է, ինչ ես կցանկանայի ավելի շատ տեսնել Հայաստանում՝ ապագայում: Մենք այստեղ ենք որպես գործընկերներ, որպեսզի աջակցենք այդ գործընթացին", - ասել է դեսպանը։
Միևնույն ժամանակ, Մարագոսը նշել է վերջին 3 տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը: Ընդ որում, նա նշել է, որ կցանկանար ավելի շատ արդյունք տեսնել այդ ուղղությամբ։ Դեսպանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Եվրոպական միության ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր արևելյան Թուրքիայի թուրք գործարարների այցը Հայաստան: «Ինձ շատ տպավորեց երկու կողմերի դրական վերաբերմունքը և այն, թե ինչպես կարող են զարգանալ այդ շփումները: Նման ներգրավվածությունը ցույց է տալիս, որ կա հանրային հետաքրքրություն կարգավորման նկատմամբ, և մարդիկ հասկանում են, որ կան նաև այլ հնարավորություններ: Այդ պատճառով ես կարծում եմ, որ աշխատանքը պետք է շարունակվի երկու կողմից», - ընդգծել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը։
Դեսպանն անդրադարձել է նաև Սյունիքի մարզում իրականացվող ներդրումներին, որտեղ ԵՄ գործող պորտֆելը կազմում է շուրջ 250 մլն եվրո: Դրանք նախագծեր են ամենատարբեր ոլորտներում․ փոքր բիզնես, ենթակառուցվածք, տեղական զարգացում, մարդկային կապիտալ և այլն։ Նշելով, որ ԵՄ-ը Սյունիքում կոնկրետ գործունեություն է ծավալում, նա ազդարարել է Team Europe-ի առաջիկա այցն այդ տարածաշրջան՝ դեսպանների և այլ փորձագետների կազմով, տեղեկացրել է COAF-ի (Children of Armenia Fund) նոր կենտրոնի, Կապանում մի քանի օբյեկտների, այդ թվում՝ TUMO-ի կառուցման ծրագրերի մասին։ "Այսինքն՝ ներդրումները շարունակվում են", - ընդգծել է Մարագոսը։
Դեսպանը նաև նշել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է ընթանում: «Ուստի, ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր որոշումներ են կայացնում ՝ խորհրդարանում և կառավարությունում, կոչ անելով օգտվել այս պահից և արագացնել տարբեր անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը, որպեսզի մենք կարողանանք հասնել այն արդյունքներին, որոնք ակնկալում են Հայաստանի քաղաքացիները: Սա իրական հնարավորություն է։ Այն անհրաժեշտ է նաև մեր երկկողմ հարաբերություններում, քանի որ մենք իսկապես կցանկանայինք ավելի շատ շփումներ ունենալ մարդկանց միջև և հասնել այն բանին, որ տնտեսության, կրթության և այլ ոլորտներում բոլոր հնարավորություններն օգտագործվեն", - ասել է նա՝ նշելով երկու կողմերի կոնկրետ հանձնառությունը այդ հարցերի լուծման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին ՝ անցնելով ակտիվ փուլ։ 2026 թվականի մայիսին Երևանը ԵՄ - ից ստացել է առաջընթացի վերաբերյալ դրական զեկույց, որը հաստատում է գործողությունների ծրագրի (VLAP) առանցքային պահանջների կատարումը, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիներին Շենգենյան գոտի 90-օրյա առանց վիզայի մուտքի իրավունք տրամադրելուն։ Հայաստանն ակնկալում է վերջնական լուծում, որը թույլ կտա վերացնել դեպի ԵՄ կարճաժամկետ ուղեւորությունների համար վիզաներ ստանալու անհրաժեշտությունը: