
Արմինֆո. Գերմանիայից ժամանած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտեդտին թույլ չեն տվել այցելել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կալանավորված նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին: Այդ մասին ասվում է Խաչատրյանի պաշտպանական թիմի հայտարարության մեջ։
«2026 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ՝ կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց, 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։ Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։ Չնայած առողջական ծանր վիճակին և ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը՝ նախորդ դատական նիստերին նա կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել է դատարան։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ ապահովվել են որոշ տեղային լուծումներ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջության և կյանքի համար առկա վտանգը չի վերացվել։
Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Փաստաբանները միջնորդել են, որպեսզի բժշկին թույլատրվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել իր բուժառուին, սակայն տեսակցությունը չի թույլատրվել», - հաղորդել է Խաչատրյանի պաշտպանական թիմը։
Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը պատմել է, որ իրենց միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ այլ երկրից ժամանած բժիշկը, նախ, պետք է լիազոր մարմնի թույլտվությունը ստանար: "Բայց պետք է հասկանալ, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Խաչատրյանին բուժող բժշկին, որը պետք է, պարզապես, զններ նրան, իսկ հետո խորհրդատվություն տրամադրեր", - ուշադրություն է հրավիրել Սարգսյանը:
Փաստաբանը կարծում է, որ այս կերպ փորձ է արվում Խաչատրյանի մոտ թույլ չտալ անկախ բժշկի: "Նրանք պատրաստ են թույլ տալ միայն այն բժիշկներին, որոնց իրենք են ընտրում ։ Դա ոչ մի վստահություն չի ներշնչում: Միևնույն ժամանակ, անկախ բժիշկներին տարբեր ձևական պատճառներով թույլ չեն տալիս տեսակցել Խաչատրյանին", - եզրափակել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ փոփոխվել և լրացվել է ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ 2026 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հարուցված քրեական գործը և նախաձեռնվել է նոր հանրային քրեական հետապնդում: Խաչատրյանը ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ ուժայինները խուզարկություններ են կատարել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում: Նշված գործողություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործերով քրեական վարույթի շրջանակներում: Սեպտեմբերի 2-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը ՝ 2 ամիս ժամկետով:
Հավելենք, որ սեպտեմբերի 1-ին ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանները տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հիվանդ Խաչատրյանին բառացիորեն հանում անկողնուց, պառկեցնում պատգարակի վրա, որպեսզի նրան դատարան տանեն: Դատարանում նախկին նախարարին պառկեցրել են աթոռների վրա, ինչը փաստաբանների թիմի կողմից որակվել է որպես խոշտանգումների շարունակություն։ Սեպտեմբերի 10-ին փաստաբան Երեմ Սարգսյանը հաղորդել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Գագիկ Խաչատրյանի պաշտպանության ներկայացրած բողոքի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանը: