
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ իշխանության հետ որևէ պայմանավորվածության գնալ։ Այդ մասին սեպտեմբերի 18 – ին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահի գործով նիստը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սա Քոչարյանի արդեն չորրորդ ազատազրկումն է։ "Նախորդները տևել են ամիսներ, ավելի քան մեկ տարի, բայց դրանից ՀՀ երկրորդ նախագահի "ոգին չի կոտրվել"։ Նրա չորրորդ կալանավորումը վառ ապացույցն է այն բանի, որ Քոչարյանը մտադիր չէ որևէ պայմանավորվածության գնալ Հայաստանի իշխանությունների հետ։ Պայքարը կշարունակվի", - նշել է Միկոյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանը տեղի ունեցածը չի ընկալում որպես ողբերգություն։ Քանի որ, ինչպես պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, իսկապես ողբերգական իրադարձություններ կարող են տեղի ունենալ երկրի հետ։ "Հայաստանի երկրորդ նախագահը երբեք տեղի ունեցածը չի դիտարկել որպես անձնական հարց և չի պատրաստվում անել դա", - հավելել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
Նրա խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահին հետապնդելու փոխարեն երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներով: "Սակայն նրանց հռետորաբանության մոտ 80-90 տոկոսը նախկինի պես առնչվում է Քոչարյանին",-եզրափակել է Միկոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 2008թ.մարտի 1-ի իրադարձություններին (զանգվածային անկարգություններ եւ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ-խմբ.) առնչություն ունենալու համար: Ռոբերտ Քոչարյանից բացի, որպես մեղադրյալ են անցնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածի դրույթը, որով անցնում էին մեղադրյալները: Առաջին երկու դատական ատյանները դադարեցրել են ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ կրկնակի քննության, հիմնավորելով, որ Քրեական օրենսգրքի դրույթները սխալ են մեկնաբանվել, և մեծ թվով տուժողների լույսի ներքո մեղավորները պետք է պատժվեն:
Հավելենք, որ օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշոր կաշառք ստանալու համար: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի: Օգոստոսի 27-ին Քոչարյանը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Ընդ որում, Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական ուժը նրա կալանավորումը կապում է ընդդիմության հիմնական ներկայացուցիչներից մեկին չեզոքացնելու փորձի հետ' Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին նոր զիջումների գնալու պատրաստակամության ֆոնին: