
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին դրանցից ազատվելու հարկադրելու նպատակով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ "Արձանագրում ենք այն նշանները, որ հաջորդ թիրախները ("ռեյդերական զավթումների"՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները", - արձանագրել է նա։
Շևցովի խոսքով՝ "շրջանառության մեջ են դրվում դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին թեզերը"։ "Դա արվում է ռուսական ակտիվներն արժեզրկելու և սեփականատերերին դրանցից ազատվելու հարկադրելու համար", - նշել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։
Շևցովը նախազգուշացրել է, որ "նման մարտավարությունը իսկական "կրակոց սեփական ոտքին" կդառնա Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետության համար ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և օրինական հիմունքներով արդյունավետ կառավարում է իր ակտիվները՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում"։
Ավելի վաղ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն արձանագրել էր, որ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում է ոչ բարեկամական գիծ և բացահայտ "երկակի ստանդարտներ", իսկ այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, կարելի է անվանել ռեյդերական զավթում։
"Արձանագրում ենք, որ պաշտոնական Երևանի կողմից ճնշումն ուղղված է ոչ միայն ռուսական բիզնեսի, այլև Հայաստանի այն ձեռնարկատերերի դեմ, որոնք համաձայն չեն [վարչապետ Նիկոլ] Փաշինյանի քաղաքականությանը և գտնվում են ընդդիմության մեջ", - նշել է Շևցովը։ Որպես օրինակ նա հիշեցրել է, որ հուլիսին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից "առգրավվել են խոշոր ակտիվներ՝ "Երևանի կոնյակի, գինու և օղու կոմբինատ «Երևան Նոյը» և "Արարատցեմենտ" գործարանը, ինչը հանգեցրել է արտադրության դադարեցման, վնասների և ձեռնարկությունների աշխատակիցների շրջանում սոցիալական հուզումների"։
"Ինչպես տեսնում ենք, տնտեսական "մտրակն ու ռեյդերական զավթումը" դառնում են Հայաստանի իշխանությունների լիարժեք գործիք՝ նրանց համար շահավետ քաղաքականություն իրականացնելու, ռուսական ընկերությունների և դրանցում աշխատող սեփական քաղաքացիների համար պայմանները վատթարացնելու, ինչպես նաև քաղաքական դաշտն իրենց գլխավոր մրցակիցներից "մաքրելու" համար", - ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։