



ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին՝ նրա 80-ամյակի առթիվ։
Կառավարության մամուլի ծառայության տարածած ուղերձում, մասնավորապես, նշվում է. "Հարգելի՛ պարոն Խանդիկյան։ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի առթիվ։ Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր ստեղծագործական գործունեությունը կապել եք թատրոնի հետ՝ որպես դերասան, ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար՝ հսկայական ներդրում ունենալով հայկական թատերական արվեստի զարգացման գործում։ Ձեր ստեղծագործական ուղին նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնանում են Ձեր ստեղծագործությանը բնորոշ անկրկնելի ճաշակով։ "Ռոմեո և Ջուլիետ", "Հիսուս Նազարեթցին և նրա երկրորդ աշակերտը", "Մակբեթ", "Պարիսի դատը", "Անվերջ վերադարձ", "Հուլիոս Կեսար" և Ձեր մյուս բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն և անսպառ ստեղծագործական եռանդ"։


