
ԱրմԻնֆո. Գերմանիան և Եվրամիությունը (ԵՄ) չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առջև։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մատիաս Մոսդորֆը։
"Բունդեսթագի պատգամավորները, բնականաբար, բարձրացնում են հնարավոր հանրաքվեի հարցը։ Սակայն վճռորոշ նշանակություն ունի այն, որ նման որոշումը բացառապես հայ ժողովրդի իրավասության ներքո է մնում", - «Известия»-ին հայտարարել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Գերմանիան և Եվրամիությունը չպետք է երկրին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առջև։ Նա կարծում է, որ հանրապետության առանձնահատուկ ուժը հենց նրա քաղաքական հավասարահեռության և միաժամանակ ԵՄ-ի, Ռուսաստանի ու այլ գործընկերների հետ հարաբերություններ պահպանելու կարողության մեջ է։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել էր հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է «սկսել քաղաքակիրթ ամուսնալուծություն»։ Ի պատասխան՝ Երևանում նշել էին, որ ԵԱՏՄ-ից դուրս կգան, երբ անհրաժեշտ կհամարեն։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ 5 երկրներից 4-ի ղեկավարներն ընդունեցին բանաձև, որով Հայաստանին առաջարկում են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում երկրի հետագա գտնվելու հարցով։ Նույն օրը ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել և պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի իր ընտրության հարցում։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի նախագծին, որն առաջարկվել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախագիծն ուղարկվել էր Հայաստանի խորհրդարան՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել էր այն և ուղարկել նախագահին՝ ստորագրման։ Փաստաթուղթը ստորագրվել էր նույն տարվա ապրիլի 4-ին։ Մոսկվայում հայտարարել էին, որ Ռուսաստանը Հայաստանին փոխանցել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակ անդամակցելն անհնար է։