
Արմինֆո. Ադրբեջանը լիովին իրավունք ունի պատմելու սեփական ազգի պատմությունը, սակայն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել: Ինչպես հաղորդում է The Christian Post առցանց թերթը, այդ մասին հայտարարել է Save Armenia իրավապաշտպան նախաձեռնության գլխավոր տնօրեն, գլոբալ կրոնական ազատության հարցերով զբաղվող քրիստոնյա առաջնորդ Դոկտոր Փոլ Մյուրեյը։
Նա հիշեցրել է, որ այսօր Ադրբեջանը վերահսկում է Արցախը, իսկ ավելի քան 120 հազար հայեր բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից՝ ամիսներ տևած շրջափակումից, դաժան զրկանքներից և 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմի ռազմական հարձակումից հետո: "Նման վերահսկողությունը բարոյական պատասխանատվություն է կրում։ Այն Ադրբեջանին իրավունք չի տալիս վերաշարադրել իր կողմից տեղահանված ժողովրդի ինքնությունը կամ փոխել այն սրբազան վայրերի իմաստը, որոնք այդ ժողովուրդը թողել է ետեւում", - հայտարարել է Մյուրեյը։
Մինչդեռ, ինչպես ուշադրություն է հրավիրել իրավապաշտպան նախաձեռնության գլխավոր տնօրենը, այս ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնական շրջագայություն է կազմակերպել Արցախում՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների շուրջ 150 ներկայացուցիչների համար: Մասնավորապես, նա պատմել է, թե ինչպես է Գանձասարի և Դադիվանքի միջնադարյան վանքերում նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը այդ հուշարձանները ներկայացրել որպես հին կովկաս-աղվանական քրիստոնեության վկայություն:
"Ադրբեջանցի պաշտոնյաները հայերին մեղադրել են այն բանում, որ նրանք փոխել են կառույցների տեսքը և խախտել դրանց սկզբնական բնույթը։ Կովկասյան Աղվանքը իսկապես գոյություն ուներ։ Հորինվածք է դրա գոյության բուն փաստն օգտագործելու փորձը՝ միջնադարյան այն հուշարձանների հայկական ինքնությունը ջնջելու համար, որոնց պատերն իրենք են պահում այդ պատմության վկայությունները", - հայտարարել է Մյուրեյը։
Այդ առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գանձասարը պարունակում է բազմաթիվ հայկական արձանագրություններ, որոնք փաստում են վաանքի կառուցումը, պատվիրատուներին և կրոնական պատկանելությունը, իսկ Դադիվանքում արձանագրություններից բացի պահպանվել են նաև խաչքարեր ՝ հայկական քրիստոնեությանը բնորոշ քարե խաչեր ՝ փորագրված պատկերներով:
"Մի ողջ ժողովրդի պատմությունը ջնջելու փորձի մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա, հատկապես, այն բանից հետո, երբ այդ ժողովրդին վտարեցին այն հողից, որի վրա գրված էր պատմությունը: Ադրբեջանը լիովին իրավունք ունի պատմելու սեփական ազգի պատմությունը։ Բայց նա իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմությունը երբեք գոյություն չի ունեցել։ Յոթ դար առաջ եկեղեցու պատերին փորագրված հայկական արձանագրությունը որևէ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի ինքնիշխանության համար: Այն միայն վկայում է անվիճելի ճշմարտության մասին ՝ հայ քրիստոնյաներն այստեղ են եղել", - ընդգծել է Save Armenia-ի գլխավոր տնօրենը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի Ադրբեջանից ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մշակութային ժառանգության անկախ մասնագետներին տրամադրել մշտական և լիարժեք մուտք դեպի Արցախ: "Անհրաժեշտ է համապարփակ գույքագրել հայկական եկեղեցիները, վանքերը, արձանագրությունները, ձեռագրերը, խաչքարերն ու գերեզմանատները ։ Նրանց հայկական պատկանելությունը պետք է փաստագրված լինի և պահպանվի ։ Բռնի տեղահանված հայերին նույնպես պետք է իրական հասանելիություն ապահովվի նրանց սրբավայրերին եւ ընտանեկան գերեզմաններին", - ամփոփել է Մյուրեյը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափմանը։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական ։