
Արմինֆո. Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ լինի, կհայտնվի այնտեղ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։
Նա չի հերքել, որ ընդդիմության առաջնորդներին ձերբակալում են Ադրբեջանի պահանջով, սակայն կոչ է արել այդ ձերբակալությունների գլխավոր պատճառները փնտրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "գլխում": Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե՝ այդ ամենը իրավական գործընթացներ են, նա կոչ է արել հարց տալ, թե այդ դեպքում ինչու դրանց միջով չի անցնում հենց վարչապետը, հաշվի առնելով, թե որքան փորձություններ է բերել Հայաստանին:
Քաղաքական գործիչը նաև արձագանքել է ընդդիմության առաջնորդներից ունեցվածքը խլելու Փաշինյանի սպառնալիքներին: Մասնավորապես, Կարապետյանը նշել է, որ դրանց վերաբերվում է որպես վարչապետի հերթական սեզոնային սրացումների։ "Եթե մարդը ինչ-որ բանի մասին շատ է խոսում, ուրեմն հենց ինքը դրանից շատ ունի։ Եվ վստահ եղեք, որ եթե մարդն ասում է, որ ինչ-որ բան չունի, ուրեմն, հաստատ, ունի։ Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդներին, ապա նրանք դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ լինի, կհայտնվի այնտեղ", - նշել է կուսակցության առաջնորդը։
Արձագանքելով Փաշինյանի այն պնդումներին, թե՝ "Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն "իրական Հայաստանի" գաղափարախոսությանը հակասող գաղափարներ, "Ուժեղ Հայաստանի" առաջնորդը հայտարարել է, որ այդ գաղափարախոսությունն իրականում հայրենազրկման մասին է: "Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք չկարողանան առաջ տանել այդ գաղափարախոսությունը։ Դա վերաբերում է նաև Տիգրանաշենին։ Սրանք հարցեր են, որոնք շոշափում են ոչ միայն այդ գյուղի բնակիչներին, այլ՝ ողջ ազգին", - հայտարարել է քաղաքական գործիչը։
Կարապետյանը նաև պատմել է, թե ինչու, իր կարծիքով, ադրբեջանական ԶԼՄ-ներում բաց չեն թողնում իր ոչ մի ասուլիս: "Այնտեղ հասկանում են, որ Հայաստանում իրենց առաջ քաշած օրակարգի իրականացումը միայն մենք կարող ենք կանգնեցնել։ Նույնիսկ ինքը՝ Փաշինյանն, այսօր հայտարարեց, որ իրեն անհանգստացնում են Ադրբեջանից հնչող հայտարարությունները։ Նա էլ արդեն մեր կողմն է անցնում, ինքն էլ մեզ կընտրի", - եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ գործարարը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու հայտարարություններից հետո։ Անցյալ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով եւ այդ ժամանակվանից ի վեր մի քանի անգամ երկարաաձգվել է։