
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման վերաբերյալ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրաքվե կանցկացվի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի վերաբերյալ:
Ընդ որում, նա նշել է, որ հենց սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա, թե արդյոք կա հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն, թե՝ ոչ։
"Եթե տարածքը փոխվի, դա նշանակում է, որ հարկավոր է հանրաքվե, այդ թվում՝ մեր իրավաբանները գնահատական կտան, թե արդյոք կա նման անհրաժեշտություն", - ասել է կառավարության ղեկավարը:
Նշենք, որ Հայաստանում Տիգրանաշեն գյուղի (Արարատի մարզ) շուրջ խոսակցություններն ու քաղաքական սուր քննարկումները թեժացել են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի առնչությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ գյուղի տարածքը (որը Ադրբեջանում անվանում են Քյարքի) պատմականորեն անկլավ է եղել և չի մտնում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 743 քառ.կմ-ի մեջ, որը գծված է նախկին Հայկական ԽՍՀ սահմաններով: Իշխանությունների դիրքորոշման համաձայն, այդ տարածքի հայկական ճանաչումը կնշանակեր երկրի պաշտոնական սահմանները գերազանցող տարածքի նկատմամբ հավակնություն, ինչը, վարչապետի կարծիքով, նոր էսկալացիայի վտանգ է առաջացնում։ Պաշտոնական Երեւանը, միաժամանակ, ընդգծում է, որ անկլավների հարցի լուծման գործնական մեխանիզմը (լինի արդյոք դա ֆիզիկական փոխանակում, թե ստատուս քվոյի պահպանում) դեռեւս վերջնականապես որոշված չէ բանակցություններում: Հայկական ընդդիմությունը (մասնավորապես՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքն ու "Հայաստան խմբակցությունը) և անկախ հետազոտողները կտրականապես դեմ են գյուղի հանձնմանը։ Նրանց փաստարկները բաժանվում են իրավականի և ռազմավարականի: Փորձագետներն ու ընդդիմադիր պատգամավորները հղում են անում 1920-1930-ական թվականների խորհրդային քարտեզներին, նշելով, որ ի սկզբանե Տիգրանաշենը անկլավի կարգավիճակ չուներ և մտնում էր Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ։ Նրանք պնդում են, որ գործող "ՀՀ վարչատարածքային բաժանման մասին" օրենքում Տիգրանաշենը պաշտոնապես ամրագրված է որպես հայկական բնակավայր, և այն Ադրբեջանի տարածք ճանաչելու իրավական հիմքեր չկան: Տիգրանաշենով է անցնում Մ-2 միջպետական կարևորագույն մայրուղին, որը կապում է Երևանը երկրի հարավային շրջանների (Վայոց ձոր, Սյունիք) և Իրանի հետ: Այդ կետի նկատմամբ վերահսկողության փոխանցումն Ադրբեջանին կարող է արգելափակել կամ ծայրահեղ բարդացնել Հայաստանի ռազմավարական լոգիստիկան։