
Արմինֆո. Հայաստանը երբեք քննարկման չի դրել ռուսական 102-րդ ռազմակայանն իր տարածքից դուրս բերելու հարցը, Ռուսաստանն է բարձրացրել այդ հարցը, իսկ մենք, ընդամենը, մեր դիրքորոշումն ենք կառուցել այդ թեմայի շուրջ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, միաժամանակ, ընդգծել է, որ ռուսական 102-րդ ռազմակայանը կենսական նշանակություն չունի Հայաստանի անվտանգության համար, ինչը հաստատեցին 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները։ «Հիմա նրանք (ՌԴ) այդ հարցը դրել են քննարկման։ Լավ, մենք հարգանքով ենք վերաբերվում: Բայց չի եղել մի դեպք, որ մեր պաշտոնյան այդ հարցը դնի ռուս պաշտոնյայի առջեւ։ Եվ հրապարակային դաշտում նույնպես մենք այդ մասին չենք խոսել", - ընդգծել է վարչապետը։
Նա նշել է, որ, եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, նման որոշում կայացնի, Հայաստանը չի առարկի։ Հայտարարելով, որ ՌԴ-ը Հայաստանի համար բարեկամ երկիր է, Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է ռուսական կողմի հետ քննարկել իր տարածքում Հայաստանի համար ոչ պիտանի ռազմակայանի գտնվելու պայմանները: "Ես ուղիղ հայտարարում եմ, որ ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը ոչինչ չի ավելացնում Հայաստանի անվտանգությանը, և մենք դա տեսանք 2022 թվականին", - ասել է կառավարության ղեկավարը։
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով տարբեր կարծիքներն այն մասին, որ ռուսական ռազմակայանի դուրսբերումը թանկ կնստի Հայաստանի վրա, Վարչապետը նկատել է, որ այստեղ լրացուցիչ ֆինանսական բեռի մասին խոսք չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը: Փաշինյանն ավելի ուշ ասել է, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշումը կայացնի հենց Մոսկվան։
Նշենք, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարացվել է մինչև 49 տարի ՝ մինչև 2044 թվականը:
Այդ առնչությամբ որոշակի փորձագիտական շրջանակներ հարց են տալիս, թե ինչ քննարկումների մասին է խոսում Հայաստանի վարչապետը, եթե բոլոր պայմաններն արդեն ամրագրված են 1995 թվականի միջպետական պայմանագրում: