
Արմինֆո. Հայկական կողմը չի բարձրացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
"Մենք ոչ մի խոսք չենք ասել 102-րդ ռազմակայանի մասին։ Դա եղել է ռուսական կողմի հայտարարությունը: Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք այդպես ասել: Ինչպես ասել է վարչապետը, ուզում են՝ թող մնան, չեն ուզում՝ թող գնան։ Երբ նրանք արտահայտվեն բանակցությունների ժամանակ, մենք կներկայացնենք մեր տեսակետը", - ասել է նա։
Ընդ որում, անդրադառնալով Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր թանկացմանը, Սիմոնյանն ասել է, որ բոլոր հնարավոր տնտեսական և անվտանգության հարցերում Հայաստանն ընտրել և ընտրելու է այլընտրանքներ, հավասարակշռություն, և այդ ռազմավարությունը շարունակվելու է:
Նա նշել է, որ դա արվելու է հնարավոր բոլոր երկրներից՝ չբացառելով նաև Ադրբեջանը։
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե՝ որքանով ճիշտ է ռուսական "ասեղից" իջնելն ու ադրբեջանական "ասեղին" նստելը, նա նշել է, որ չի կարելի ասեղի վրա ապրել:
"Երկրորդ, ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք մի երկրից կախվածությունը փոխել մյուսից կախվածության: Մենք պատրաստվում ենք գազ գնել ամենուրեեք՝ որտեղ դա հնարավոր է ։ Եթե Ռուսաստանը գազ տա՝ կգնենք Ռուսաստանից, եթե Ադրբեջանը տա՝ կգնենք Ադրբեջանից, եթե Իրանը տա՝ կգնենք Իրանից, եթե Թուրքիան գազ մատակարարելու հնարավորություն ունենա՝ կգնենք նաև նրանից, և այդ ամենը՝ միաժամանակ։ Իսկ ով է ասել, որ պետք է դուրս գալ մի կախվածությունից և ցատկել մյուսի մեջ", - եզրափակել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը:
Ավելի ուշ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի հենց Մոսկվան։
Ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը: