
ԱրմԻնֆո. Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխխոսնակն հերթական անգամ կոչ է արել հասարակական քննարկումների համատեքստում փակել հայ ռազմագերիների թեման։
Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ փոխխոսնակը նշել է, որ այս հարցը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում։ «Մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ այս խնդիրը լուծելու համար», - նշել է Վահագն Ալեքսանյանը, որը առիթը բաց չի թողել ընդդիմադիր լրատվամիջոցներին քննադատելու համար։ Որպես օրինակ նա բերել է հոդվածներից մեկի վերնագիրը՝ «Եկեք ռազմագերիների թեման փակենք՝ այն դնելով սեղանի դարակում. Վահագն Ալեքսանյան»։ Փոխխոսնակի խոսքով՝ սա նույնիսկ վերնագիր չէ, այլ արտահայտությունը համատեքստից կտրելու փորձ, ինչը անբարեխիղճ վարքագիծ է։ Նա լրատվամիջոցներին կոչ է արել ընդունել ինքնակարգավորման մեխանիզմներ՝ հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար։
Սակայն Վահագն Ալեքսանյանի հիմնավորումները չբավարարեցին լրագրողներին, որոնք նրան իշխանությունների համար տհաճ հարցերով «գրոհեցին»։ Դա դուր չեկավ փոխխոսնակին, որը կիսատ թողեց ճեպազրույցը և հեռացավ։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը մի քանի հարյուր է։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։