



ԱրմԻնֆո. Խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց լիարժեք և արդյունավետ ներգրավվածության կարևորությունն ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Եվրոպա-Եվրասիա» տարածաշրջանային գագաթնաժողովի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով ելույթի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի «Կանանց ժողովրդավարության ցանցը»։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նա նշել է, որ կանանց մասնակցության ընդլայնումը նպաստում է ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը և խաղաղաշինության ու ինստիտուցիոնալացման ավելի համապարփակ և կայուն մեխանիզմների ձևավորմանը։
Ելույթի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ներկայիս փոփոխություններին և խաղաղության հաստատմամբ բացվող հնարավորությունների արդյունավետ իրագործման վերաբերյալ Հայաստանի տեսլականին։
Կոստանյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովման, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար ներառական և ինստիտուցիոնալ մոտեցումների անհրաժեշտությանը։


