



Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն հայոց կաթողիկոսը՝ գնահատանք հայտնելով Նվիրապետական աթոռների գահակալներին՝ ժողովին իրենց ներկայացուցիչներին պատվիրակելու համար։ Այնուհետև Նորին Սրբությունը, գոհունակությամբ անդրադառնալով ԳՀԽ անդամների՝ Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայությանը, հայցել է Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի աշխատանքների բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը և համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանն առնչվող հարցեր։
Քննարկման նյութ կդառնան նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող այլ հարցեր։


