
Արմինֆո. Կրթության զարգացման պետական ծրագրով սահմանված է հավակնոտ թիրախ՝ մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի շարքում։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համաշխարհային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի միջոցառմանը։
ԿԳՄՍ նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը նշված կառույցի հետ սկսում են համագործակցություն՝ նպատակ ունենալով բարելավել ՀՀ բուհերի դիրքերը միջազգային վարկանիշավորման համակարգերում։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը, ՀՀ բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ։
Նախարարի խոսքով՝ բուհերի միջազգային դիրքավորման բարելավումը պահանջում է հետևողական և երկարատև աշխատանք․ QS-ի հետ համագործակցության մեկնարկը այդ ուղղությամբ կարևոր քայլերից է։ Այս փուլում QS-ի հետ համագործակցության շրջանակում խորհրդատվական աշխատանքները կիրականացվեն Երևանի պետական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներգրավվածությամբ։ Բուհերի ընտրությունը փոխկապակցված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող համակարգային բարեփոխումների և «Ակադեմիական քաղաք» ծրագրի տրամաբանության հետ։
«Ակնհայտ է, որ բարձրագույն կրթության համակարգի մրցունակության բարձրացումը պետք է լինի համալիր քաղաքականության արդյունք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դիտարկվում է որպես տեխնոլոգիական կլաստերի, Երևանի պետական համալսարանը՝ դասական կլաստերի, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բժշկական կլաստերի հիմք՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համապատասխան բուհերի և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրմամբ։
«Ակնկալում ենք, որ որ QS-ի գործընկերների աջակցությամբ մեր բուհերը կկարողանան իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները և վարկանիշավորման համակարգերում առաջընթաց գրանցել։ Միջազգային խորհրդատվական աջակցությունը չի ենթադրում պատրաստի լուծումների մեխանիկական կիրառում. միջազգային փորձը պետք է ուսումնասիրվի և կիրառվի՝ հաշվի առնելով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկություններն ու կարիքները։ Չկան պատրաստի դեղատոմսեր և պատրաստի լուծումներ բոլոր հարցերի համար. դրանք գտնվում են փորձի ուսումնասիրությամբ, համատեղ քննարկումներով, և կայացվող պատասխանատու որոշումներով։ Բոլոր որոշումները պետք է լինեն մտածված, քննարկված, հասկանալի, մասնակցային և թափանցիկ։ Սա նշանակում է, որ ամբողջ բարեփոխման գործընթացը հենց սկզբից պետք է իրականացվի բոլոր շահառուների ներգրավմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ փոփոխությունները չեն կարող իրականացվել մեկ օրում կամ մեկ փուլով. պահանջվում է շարունակական և հետևողական աշխատանք։
Նրա խոսքով՝ առաջընթացը պետք է արտացոլի կրթության որակի բարելավումը, գործատուների և աշխատաշուկայի բավարարվածությունը, ուսանողների համար բարձրագույն կրթության գրավչության մեծացումը և, որպես արդյունք, Հայաստանի բարձրագույն կրթության միջազգային մրցունակության բարձրացումը, որի կարևոր ցուցիչներից է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավման աճը։
Միջոցառման ընթացքում QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի հետ համագործակցության ռազմավարական ուղղությունները, միջազգային վարկանիշավորման մեթոդաբանությունն ու բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված մոտեցումները։ Ժակ դը Շամփշընելը նշել է, որ առաջընթացի և տեսանելի արդյունքների համար առանցքային նշանակություն ունեն հայկական կողմի բաց մտածողությունը, փոփոխությունների նկատմամբ պատրաստակամությունն ու կառուցողական համագործակցությունը։
QS Quacquarelli Symonds-ը բարձրագույն կրթության ոլորտում մասնագիտացած միջազգային կազմակերպություն է, որը հայտնի է QS World University Rankings համաշխարհային համալսարանական վարկանիշով։ Բուհերի գնահատման շրջանակում հաշվի են առնվում, մասնավորապես, ակադեմիական, ինչպես նաև գործատուների շրջանում հեղինակությունը, գիտահետազոտական ազդեցությունը, շրջանավարտների զբաղվածության արդյունքները, միջազգային ներգրավվածությունը և մի շարք այլ ցուցիչներ։ Կազմակերպությունը նաև խորհրդատվական և վերլուծական աջակցություն է տրամադրում բուհերին և բարձրագույն կրթության համակարգերին՝ նպաստելով դրանց միջազգային տեսանելիության ու մրցունակության բարձրացմանը։