
ԱրմԻնֆո. Արցախցիները Հայաստանում պետք է ունենան մեկ հիմնական ինստիտուտ, որի շրջանակներում կկազմակերպվեն բոլոր անհրաժեշտ գործընթացները՝ նրանց խնդիրները լուծելու համար։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանական «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք պատրաստ են ընդունել արցախյան իշխանությունների հրավերը՝ քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու համար։ «Մենք ուրախ կլինենք հանդիպել, պատրաստ ենք ընդունել հրավերը։ Ինչ վերաբերում է ձևաչափին, ապա մեզ համար ամենակարևոր հարցը արցախցիների իրավունքների պաշտպանությունն է։ Հենց այս ուղղությամբ է պետք աշխատել։ Այժմ արցախցիների խնդիրն է բնակարանի բացակայությունը, հատկապես բնակարանների գների բարձրացման ֆոնին։ Նրանք չեն կարող իրենց տրամադրվող գումարներով տուն ձեռք բերել (կառավարական ծրագիր՝ խմբ.), բացի այդ, մարզերում բնակվող արցախցիները զանգվածաբար բախվում են գործազրկության խնդրին», - ուշադրություն է հրավիրել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի արցախյան մշակութային ժառանգության պահպանման խնդրով։ «Այսինքն՝ պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ կպահպանվի արցախյան բարբառը, որպեսզի նոր սերունդը կարողանա խոսել այդ բարբառով։ Եթե դա չարվի, ապա մի քանի տարի անց մենք կբախվենք խնդրի՝ մշակութային խնդրի։ Իհարկե, հիմնական նպատակը արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքի պաշտպանությունն է։ Բայց դրանից առաջ պետք է կապ հաստատել, ապահովել նրանց կազմակերպվածությունը», - պարզաբանել է խմբակցության ղեկավարը։
Խոսելով այն մասին, թե արդյոք արցախյան իշխանությունները պետք է շարունակեն իրենց գործունեությունը Հայաստանում՝ նա նշել է, որ այդ հարցում իրենց քաղաքական ուժն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը։ «Մենք ասել ենք, որ արցախցիները երկրում պետք է ունենան մեկ հիմնական ինստիտուտ՝ իրենց խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր գործընթացները կազմակերպելու նպատակով», - ամփոփել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտնել էր Հայաստանի Հանրապետության խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների մեկնարկի մասին՝ որոշելու այն ուժերի շրջանակը, որոնք ծրագրում են համագործակցել ԼՂՀ իշխանությունների հետ։ Ինչպես պարզաբանել էր ԼՂՀ պետական նախարարը, խորհրդակցությունների նպատակն է հստակեցնել, թե Հայաստանի քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետ հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչպիսին է նրանց դիրքորոշումը ԼՂՀ պետական ինստիտուտների պահպանման և արցախցի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, ինչպես նաև ինչպիսին է նրանց պատրաստակամությունն այդ ուղղություններով գործնական քայլերի դիմելու հարցում։ Քանի որ, նրա խոսքով, արցախյան իշխանությունների գործունեությունը դադարեցնելու կամ շարունակելու հարցն այլևս չի կարող մնալ ենթադրությունների, առանձին հայտարարությունների կամ քաղաքական լռության մակարդակում։