
ԱրմԻնֆո. Ռուսաստանը Հայաստանից չի ստացել Գյումրիից ռուսական ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ դիմումներ և շարունակում է այն կարևոր տարր համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության ապահովման համակարգում։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
"Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չենք ստացել։ Մենք շարունակում ենք ելնել այն հանգամանքից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է", - ասել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, սակայն Մոսկվան առայժմ դրա իրական այլընտրանքը չի տեսնում։
"Շատերը միանգամայն իրավացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, նման այլընտրանք չի նշմարվում։ Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, որ այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորներ լինեն։ Թեկուզ միայն Ֆրանսիայի՝ Հայաստանից աշխարհագրական հեռավորության պատճառով", - նշել է ԱԳ փոխնախարարը։
"Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շարունակությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված երկկողմ հարաբերությունների "գույքագրման" շրջանակում", - հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զինվորականներին Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Ավելի ուշ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դեմ չի լինի, եթե համապատասխան որոշումը կայացնի հենց Մոսկվան։
Ռուսական ռազմական բազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը։