
Արմինֆո. Ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին:
Ռուբեն Վարդանյանի կողմնակիցների ֆեյսբուքյան էջի հաղորդագրության համաձայն,
«Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:
Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ու հետպատերազմյան ժամանակաշրջանին, ներառում են Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլ նկարիչների գործեր։ Այդ աշխատանքները ցուցադրվել են նաև արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։
«Ռուբենի համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, նրա կողմից նախաձեռնված Բարեկամության այգու վերականգնումը ներդրում է եղել քաղաքային միջավայրի զարգացման և ապագա սերունդների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու գործում։ Ուրախ եմ, որ «100 ԿՏԱՎ» հավաքածուից ընտրված և թեմատիկ ընդհանրություն ունեցող այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրի քաղաքի ժառանգության մասը և կցուցադրվեն հանրությանը»,-ասել է Վերոնիկա Զոնաբենդը:
Գյումրի համայնքի ղեկավարի փոխարինող Ավետիս Առաքելյանը նշել է, որ երախտագիտությամբ ու ուրախությամբ են ընդունում այս արժեքավոր նվիրատվությունը: Կտավները հանձնվել են Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին:
«Ուրախ ենք, որ մեր թանգարանը համալրվում է այսպիսի հավաքածուուվ և շնորհակալ ենք տիկին Զոնաբենդին շռայլ նվիրատվության համար: Կտավներն իրենց արժանի տեղը կգտնեն մեր թանգարանում, և առաջիկայում ցուցահանդեսի միջոցով հավաքածուն կներկայացնենք քաղաքի արվեստասեր բնակչությանը, հովեկներին ու հյուրերին»,- նշել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։