



ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել համայնքների խոշորացման գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները։
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջարկվող նախաձեռնության շրջանակում կստեղծվի Արարատ համայնքը, որը կընդգրկի Արարատ և Վեդի քաղաքները, ինչպես նաև Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջար, Նոյակերտ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Տիգրանաշեն, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գորավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Ուրցաձոր, Փոքր Վեդի գյուղերը։
Նախատեսվում է նաև խոշորացնել Վանաձոր համայնքը, որի կազմում, բացի Վանաձորից, կընդգրկվեն Գուգարք, Դարպաս, Շահումյան, Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբեդ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ գյուղերը։
Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ խոշորացման գործընթացը տեղի է ունենում 2016 թվականից։ Առնակ Ավետիսյանի խոսքով՝ տեղական և միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ տարածաշրջանային մոդելով իրականացվող համայնքների միավորումներն ավելի արդյունավետ են և նպաստում են համայնքների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, համայնքների ներուժի հետագա ամրապնդմանը և համայնքային ու տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը։ 2016 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է համայնքների միավորման 99 ծրագիր, որոնց արդյունքում 915-ի փոխարեն ձևավորվել է 57 համայնք։ Օրենքի ընդունումից հետո դրանց թիվը կկազմի 55, իսկ համայնքների ընդհանուր թիվը, ներառյալ Երևանը, Գյումրին և 5 այլ չմիավորված համայնքները, կկազմի 62։
Նշենք, որ ներկայացված փաստաթղթի վերաբերյալ ելույթների համար գրանցվել է 29 պատգամավոր։


