



ԱրմԻնֆո. Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը, որի ծննդյան օրն է այսօր, անսովոր ակցիա է իրականացրել։
Ազգային ժողովի նախագահի և գործընկերների շնորհավորանքներին ի պատասխան՝ պատգամավորը վեր է կացել իր տեղից՝ բարձրացնելով Բաքվի բանտում պահվող Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի լուսանկարը։ Լուսանկարի վրա նշված է, որ այսօր նաև գեներալի ծննդյան օրն է։ Ընդդիմադիր պատգամավորը նաև հագել է Ադրբեջանում պահվող բոլոր գերիների պատկերներով շապիկ։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը մի քանի հարյուր է։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարին շինծու մեղադրանքներով Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Արցախի մյուս բնակիչներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։


