



ԱրմԻնֆո. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի [լայն իմաստով՝ նաև Ադրբեջանի պետության] կողմից օկուպացված Արցախում հայկական ժառանգության նկատմամբ իրականացված գործողությունները լիովին համապատասխանում են «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի սահմանմանը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
Այս համատեքստում նա մեջբերել է մարդկության դեմ հանցագործությունը սահմանող եզրույթի հատվածներ։
Նա հիշեցրել է, որ "ցեղասպանությունը... տարբեր գործողությունների համակարգված ծրագիր է, որն ուղղված է ազգային խմբերի կյանքի էական հիմքերի ոչնչացմանը՝ հենց այդ խմբերի բնաջնջման նպատակով։ :Ցեղասպանությունը բաղկացած է երկու փուլից. առաջինը՝ ճնշված խմբի ազգային կերպարի [pattern] ոչնչացումն է, երկրորդը՝ նվաճողի ազգային կերպարի [pattern] պարտադրումը։ Այս պարտադրումն, իր հերթին, կարող է կիրառվել կա՛մ նվաճված բնակչության նկատմամբ, որին թույլատրվում է մնալ, կա՛մ միայն տարածքի նկատմամբ՝ բնակչության վտարումից և այդ տարածքը նվաճողի սեփական քաղաքացիներով գաղութացնելուց հետո>։ (Raphael Lemkin, Axis Rule in Occupied Europe (Carnegie Endowment, 1944), գլ. IX, էջ 79)"։
"Օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «ալբանացման» այս կրկեսը, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը՝ ջնջելու և յուրացնելու Արցախի հայկական ժառանգությունը, հենց այն «ճնշված խմբի ազգային կերպարի [pattern] ոչնչացումն ու նվաճողի ազգային կերպարի [pattern] պարտադրումն» է»,- գրել է Մանուկյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը օկուպացված Արցախ և Հաջիևի կողմից հայկական հոգևոր սրբավայրերում տեսախցիկների առաջ կազմակերպված վակխանալիան։


