
Արմինֆո. ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը նամակով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանության հարցով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Գալստյանը։
«Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ "նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ–ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և մյուս իրավունքների հարցերով, մինչ այս Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։
Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․․․․
Մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն ու ապահովությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտքն է, Հայաստանի Հանրապետության և մեր հավաքական արժանապատվության հարցը։
Նրանց պաշտպանության հարցերով պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մասնավորապես ակնկալելով վերոհիշյալ հարցերի պատասխանները։
1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։
3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։
4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը», - գրել է Գալստյանը։
Հայաստանի օմբուդսմենին հղված նամակում պատգամավորը հիշեցրել է, որ
2020թ․ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է հակաիրավական քայլերով, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով գերության մեջ պահել մեր հայրենակիցներին, եւ նրանցից ստացված ահազանգերը սահմռկեցուցիչ են և վկայում են նրանց նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգների մասին։
«Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ս․թ․ սեպտեմբերի 9-ին ուղերձով դիմել է Ձեզ և Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով խիստ մտահոգիչ հանգամանքներ։ Դավիթ Իշխանյանը հայտնում է, որ չի ստացել Բաքվի ռազմական դատարանի վճիռները, նույնիսկ՝ ադրբեջաներեն տարբերակը, և որևէ կայքէջում դրանք չեն հրապարակվել։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ․ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։ Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը ամրագրում է․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
2025թ․ օգոստոսի 22-ից ո՛չ Դավիթ Իշխանյանը, ո՛չ մյուս ռազմագերիները չեն կարողանում լիազորագիր տրամադրել իրենց վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի վերջինս իրենց շահերը կարողանա պաշտպանել Հայաստանում և արտերկրում։ Նա նաև նշում է, որ դեռևս այս տարվա մայիսի 6-ին դիմել է Ձեզ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Ռուբեն Վարդանյանը ս․թ․ ապրիլի 21-ի ուղերձում խնդրել է դիտարկել իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի, մյուս հայ ռազմագերիների հարազատների և Ձեր՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Դավիթ Բաբայանը ս․թ․ օգոստոսի 19-ին։
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ իր 2024թ․ զեկույցում ընդգծել է իր մտահոգությունը հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովն իր 2026թ․ տարեկան զեկույցում նշել է, որ հայ քրիստոնյա գերիները ենթարկվել են ծեծի և հոգեբանական բռնության, զրկվել են բժշկական օգնությունից և պատշաճ սննդից, նրանց մերժվել է Աստվածաշնչերի տրամադրումը, իսկ խաչի դաջվածքները հեռացվել են այրելու միջոցով։
Հարկ է նշել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն․ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»։ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 133-րդ հոդվածի 1-ին մասը նաև սահմանում է․ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»։
ՀՀ սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը ի թիվս այլնի՝ նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը»։
ՄԱԿ-ի ԳԱ փարիզյան սկզբունքները ևս սահմանում են կարգավորումներ, որոնք իրենց բովանդակությամբ, ըստ էության, հումանիստական են՝ միտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Ելնելով այն իրողությունից, որ երբ պետությունների միջև համագործակցության մյուս ուղիները փակված են, Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման համար կարևոր և վճռորոշ գործիք է հանդիսանում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) միջև համագործակցությունը։ Սա հնարավորություն է տալիս Մարդու իրավունքների ազգային հաստատություններին (ՄԻԱՀ) բարձրացնելու մարդու իրավունքների ստանդարտների պահպանման վերաբերյալ մտահոգությունները մեկ այլ պետության գործողությունների մասին՝ ուղղակիորեն դիմելով այդ պետության իր գործընկերոջը», - ընդգծել է նա։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։