
Արմինֆո. Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել։ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել 2016 թվի քառօրյա պատերազմի մասին Գրիգորյանի մտորումները՝ իր հարցազրույցներից մեկում:
«ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցի տողատակերով մատնել է ապրիլյան պատերազմի այն սցենարը, որը պլանավորվել է Ադրբեջանի, որոշ արտաքին ուժերի և, միգուցե, ներսի շահագրգիռ շրջանակների մասնակցությամբ:
Ըստ այդմ՝ Ադրբեջանն ապրիլյան պատերազմում պետք է առնվազն գրավեր Արցախի այնպիսի շրջաններ, որոնց պարագայում կապիտուլյացիան ո´չ թե 2020 թվականին կլիներ՝ փաշինյանական վարչակազմի օրոք, այլ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:
Դա էլ թույլ կտար ոչ միայն իշխանությունը վերցնելու գործընթացը 2 տարով առաջ գցել, այլ Արցախի հանձնումը կապել նախկին իշխանությունների հետ, իսկ իրենք իրավիճակից օգտվելով՝ «սպիտակ ձեռնոցներով» իշխանություն վայելեին:
Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը, երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել, բայց դե լավ գիտեն, որ հայրենավաճառության խարանը հավերժ ուղեկցելու են իրենց և ըստ այդմ՝ անկանոն ադրբեջանական նարատիվներով փորձում են խճճել թեման:
Պատկերացնում եմ, թե սրանց նմաններն ինչ ցավ ու հիասթափություն են ապրել, երբ ապրիլյանի օրերին ադրբեջանական գրոհային խմբերը կոտորվում էին Եղնիկների, Մատաղիսի, Մարտակերտի, Աղդամի կամ Ջեբրայիլի մատույցներում, իսկ նախատեսված դավադրությունը տապալվում էր», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
2016 թվականի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Պատերազմն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների և ավանդույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով:
Ապրիլյան ռազմական գործողություններն այն ժամանակ համարվում էին ամենալայնածավալ գործողությունները 1994 թվականի մայիսի հրադադարի շուրջ համաձայնագրից հետո ։ Ապրիլի 2-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իրենց գերազանց են դրսևորել հայկական բոլոր զորամասերը, ներառյալ հրետանավորները, տանկիստները և հակատանկային ստորաբաժանումները:
Ինտենսիվ մարտերի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ջոկատները ոչնչացրել են հայկական կողմի դիրքերը գրոհող ադրբեջանական 2 ուղղաթիռ, 26 տանկ, ինչպես նաև 14 անօդաչու թռչող սարք, 1 ԲՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանք, 4 ՀԶՄ և 1 ինժեներական կայանք:
Շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է 64 զինծառայող, 13 կամավոր, 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է ավելի քան 120 մարդ, ևս 9 զինծառայող զոհվել է մարտական գործողությունների ակտիվ փուլի դադարեցումից հետո ՝ մինչև ապրիլի 13 - ն ընկած ժամանակահատվածում, մի քանիսը մահացել են ավելի ուշ ՝ հոսպիտալներում:
Ելնելով նույն տարվա մայիսի 16-ին Վիեննայում Պետդեպարտամենտի ներկայացրած տվյալներից ՝ պարզ է դառնում, որ բացի հայկական կողմի 81 կորուստներից, զոհվել է մոտ 270 ադրբեջանցի: Միևնույն ժամանակ, Bellingcat միջազգային հետազոտական խմբի վերլուծաբանները Բաքվի կորուստները գնահատել են 400-500 սպանված զինվոր։