
Այսօր Մոսկվայում Ռուսաստանի և հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպման գերակայությունը կլինի, ըստ երևույթին, աշխարհաքաղաքական հարցերի քննարկումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի մոսկովյան հանդիպման ընթացքում կքննարկվի համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում: Կքննարկվեն նաև ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:
«Վերջին կես տարում Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի կտրուկ աճի ֆոնին դա դյուրին խնդիր չէ: Սակայն դա չնկատելն անհնար է` ի հեճուկս շարունակվող ռազմավարական դաշնակցության: Հատկապես` սիրիական դինամիկայի ֆոնին, որը դարձել է Կովկասի անվտանգության և այն բանի կարևորագույն «ֆոնային գործոն», որ մտահոգություն են հարուցում նաև Մերձավոր արևելքում և կովկասյան ուղղությամբ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղիղ զինված հակամարտության կամ հիբրիդային պատերազմի սցենարները», - ընդգծել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում և ողջ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կարևորագույն ռազմավարական դաշնակից երկրի նախագահը Մոսկվայում հաճախակի հյուր է, երկու ղեկավարների կողմից հերթական անգամ դիրքորոշումները հստակեցնելու անհրաժեշտությունը զարմանք չի հարուցում` թեև Սարգսյանի երկու աշխատանքային այցերի միջև անցել է ընդամենը կես տարի:
Մարկեդոնովն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներն առանձնակի արդիականություն են ստացել, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Երևանի և Մոսկվայի համար: Վերլուծաբանը նշել է ՀԱՊԿ ներսում այդքան նուրբ հարցի շուրջ միասնության ապահովման դժվարությունը, ընդգծելով, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը Մոսկվայի համար լրացուցիչ դժվարություններ կստեղծի ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ գծով դաշնակիցների հետ փոխգործակցությունում:
«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա միության ձևավորմամբ շահագրգռված է ոչ միայն Անկարան, այլև Արևմուտքը, քանի որ կարող է դառնալ հակակշիռ Կովկասում ռուսական գերիշխանությանը: Այդ համատեքստում Բաքվի կողմից վերջին տարիներին բազմիցս ցուցաբերված միանշանակ հակառուսական դիրքորոշումից հրաժարվելու ձգտումը չափազանց կարևոր է Մոսկվայի համար: Սակայն դա պահանջում է Երևանի հետ պարզում, հատկապես` հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», - ամփոփել է վերլուծաբանը: