



Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղրդագրության համաձայն, դեսպան Շաֆքատ Ալի Խանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Ավելի վաղ Պակիստանը չէր ճանաչել Հայաստանի անկախությունը։ Դա պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Պակիստանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Պակիստանը ոչ միայն աջակցել է Ադրբեջանին Արցախի հարցում, այլև 2020 թվականի աշնանը մասնակցել է ինքնորոշված հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։


