



Արմինֆո. Հայ ռազմագերիները Բաքվից չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ դատական հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։
Հենց այդ պատճառով, ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, իրենց քաղաքական ուժը մշտապես խոսում է երկրում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ "Մինչև այդ փոփոխությունները տեղի չունենան, այդ մարդիկ տանջվելու են Բաքվի բանտերում։ Եթե մենք իշխանություն լինեինք, գերիները շատ արագ կվերադառնային։ Մենք դա կանեինք, օգտագործելով մեր ունեցած հնարավորությունները, որոնք Փաշինյանը չունի", - վստահեցրել է Կարապետյանը։
Խոսելով այն մասին, թե ինչու հիմա չեն օգտվում այդ հնարավորություններից, "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդը պարզաբանել է, որ իրենք կարող են աշխատել միայն "իշխանական լծակների" առկայության դեպքում:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։


