
Արմինֆո. Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։
Ինչպես հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի և Պակիստանի միջև 2025թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հիման վրա, երկու երկրների կառավարությունների կողմից կարևոր քաղաքական որոշում էր:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազայի ձևավորման միջոցով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում ՀՀ մոտեցումները:
Հուլիսի 6-ին Հայաստանը նշանակել է Պակիստանում իր առաջին դեսպանին՝ Կարեն Գրիգորյանին, որի նստավայրը Աբու Դաբիում է:
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Ավելի վաղ Պակիստանը չէր ճանաչել Հայաստանի անկախությունը։ Դա պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Պակիստանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Պակիստանը ոչ միայն աջակցել է Ադրբեջանին Արցախի հարցում, այլև 2020 թվականի աշնանը մասնակցել է ինքնորոշված հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։